Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՈՒԺԵՂ ՏԱՆԴԵՄՆ ԷՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՈՒԺԵՂ ՏԱՆԴԵՄՆ ԷՐ
27.10.2009 | 00:00

Քաղաքական սպանությունը հին է, ինչպես աշխարհը։ Ժամանակակից աշխարհում քաղաքական սպանություններն ու մահափորձերը տեղի են ունենում բավականին հաճախ, չնայած այն իրողությանը, որ պետական առաջնորդներին պահպանում են բավական մեծ ուշադրությամբ։
Այսպես, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի նկատմամբ տասնյակ մահափորձեր են եղել։ Իսկ 1984-ին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանեցին իր երկու թիկնապահները` այգում զբոսնելու ժամանակ։ Արդեն վաղուց քաղաքական առաջնորդների սպանությունների կապակցությամբ ակնհայտ են մի շարք օրինաչափություններ։ Մասնավորապես, քաղաքական սպանությունն իրականացվում է երկու գործոնների` մարդկանց կամ կազմակերպության շահագրգռվածության և այն դեպքում, երբ կա առաջարկ, այսինքն` կատարողներ, ովքեր գաղափարապես կամ պրոֆեսիոնալ առումով տրամադրված են պատվերը կատարելու։ Քաղաքական գործիչների սպանությունն այսպիսի դեպքերում դառնում է քաղաքական պայքարի բաղկացուցիչ մասը։ Այնպիսի չափորոշիչները, ինչպիսիք են հնարավոր զոհի ազդեցության աստիճանը, տնտեսական հաշվարկները կամ քրեածին կառույցների հետաքրքրությունները, արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումները, դառնում են ընդամենը հենման կետ այն անձանց համար, ովքեր շահագրգռված են տվյալ քաղաքական սպանության իրականացմամբ։ Եվ, ինչպես ապացուցում է ժամանակակից պատմությունը, բավականին հաճախ սպանության իրական պատվիրատուներն ու կազմակերպիչներն այդպես էլ չեն բացահայտվում։
Իսկ այժմ պատմական օրինաչափությունների համատեքստում փորձենք դիտարկել այն, ինչ կատարվեց Հայաստանի, նրա քաղաքական դաշտի և, առհասարակ, բոլորիս հետ տասը տարի առաջ` հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս համատեքստում, նախ, հարկ է ընդգծել, որ այն հասարակություններում, որոնք բնորոշվում են իբրև կայուն քաղաքական կառուցվածքներ ունեցող հասարակարգեր, այս կամ այն քաղաքական առաջնորդի սպանությունը հազվադեպ է անդրադառնում տվյալ պահին գործող ուժերի դասավորության և, ըստ այդմ, բուն քաղաքական զարգացումների վրա։ Միաժամանակ բացարձակապես այլ է իրավիճակը, երբ պետությունը թույլ է կամ կայացած չէ իր քաղաքական ու կառավարման ինստիտուտներով, բնակչությունը չի ապրել համապատասխան ժողովրդավարական զարգացում, ու չեն ձևավորվել այդ զարգացման ավանդույթները կամ օրինաչափությունները, որոնք հանգեցնում են քաղաքացիական հասարակության ձևավորման։ Հենց այդպիսին էր հայկական պետականությունը 1999-ի աշնանը։
Միաժամանակ, այդ նույն շրջանում քաղաքական ասպարեզում հայտնվեց խարիզմատիկ քաղաքական գործիչների շատ ուժեղ և կայուն տանդեմը՝ ի դեմս Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի։ Նրանք ոչ միայն իրենց թիկունքում ունեին բնակչության զգալի մասի վստահությունը, այլև հասկանում էին երկրի ներսում վաղուց ի վեր հասունացած «վիրահատական միջամտությունների» անհրաժեշտությունը` այդ նույն երկրի առողջացումն ապահովելու նպատակով։ Համապատասխանաբար նրանց հեռացումն ասպարեզից ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքական ցունամի, որն առնվազն երկար ժամանակով տրանսֆորմացրեց հայ հասարակությունը և որոշակի առումով կանխորոշեց նրա զարգացման ուղին։ Ընդ որում, նկատի ունենանք, որ հոկտեմբերի 27-ի իրադարձություններն ունեին շատ լայն ու բազմավեկտոր «պահանջարկ»՝ սկսած տնտեսական ու արտաքին քաղաքական հանգամանքներից և վերջացրած հոգեբանական ու կոռուպցիոն բնույթի պատճառներով։ Համաշխարհային պրակտիկայում սա բացառիկ երևույթ էր, երբ այդքան տարաբնույթ շարժառիթներ, պատվիրատուներ ու շահագրգիռ անձինք կային ոչ միայն երկրի ներսում, այլև համաշխարհային «աշխարհաքաղաքական տարածություններում»։
Արդյունքում հայ հասարակությունը ենթարկվեց լուրջ և, հնարավոր է, անվերադարձ փոխակերպության։ Զանգվածային գիտակցության մեջ ամրագրված ենթագիտակցական սարսափի պայմաններում սկսեց գործել ինքնապաշտպանության հայտնի բնազդը, որ եթե այդպիսի հզոր դեմքերն ինչ-որ մեկի անտեսանելի կամքով հեռացվեցին ասպարեզից, ապա ի՞նչ կարող է լինել հասարակ քաղաքացու, գործարարի կամ քաղաքական գործչի հետ։ Ավելին, պատմաքաղաքական հարթության մեջ փոխակերպված հայկական հոգեկերտվածքի համար այս քաղաքական սպանությունը դարձավ ևս մեկ կարծրատիպի ամրագրում, որ երկրի ճակատագիրը որոշում ենք ոչ թե մենք, այլ ինչ-որ գաղտնի և շատ հաճախ չարամտորեն տրամադրված ուժեր։ Ամենասարսափելին այն էր, որ այդ խորապատկերի վրա տեղի ունեցավ հասարակության լայն զանգվածների արմատական հիասթափություն, և, որպես դրա արդյունք, ձևավորվեց հասարակության ինքնամեկուսացման մթնոլորտը պետությունից և իշխանությունից։ Այս կապակցությամբ արժե անդրադառնալ ահաբեկչությունից հետո ստեղծված ընդհանուր իրավիճակի առանձնահատկություններին։
Որևէ չափով չիդեալականացնելով սպանված քաղաքական գործիչների անձնական հատկանիշները, անհնարին է ժխտել, որ 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվել էր քաղաքական զարգացման առավել բարենպաստ խճանկար։ Երկու ուժեղ ու հեղինակավոր անձինք, իրենց կենսական ու քաղաքական տարբեր փորձերով հանդերձ, ապահովում էին կայուն քաղաքական հավասարակշռություն ու կոնսենսուս, նվազագույնի էին հասցնում երկրի կառավարման ավտորիտար մեթոդների կիրառման հնարավորությունը։ Հոկտեմբերի 27-ից հետո համընդհանուր կասկածամտության ու շահերի բևեռացման մթնոլորտում իշխանությունը հիմնավորապես սկսեց գործել վարչահրամայական սկզբունքներով, ինչն իր հերթին հանգեցրեց քաղաքական դաշտի դեգրադացիայի և լղոզման։ Հարկ է ընդգծել, որ այդ պարագայում սկզբում` կոմերիտական-կուսակցական, այնուհետև ԼՂՀ ռազմավարչական համակարգում ձևավորված Քոչարյանի հոգեկերտվածքը և կառավարման նրա մեթոդները` իշխանության ուղղահայացը նոր պայմաններում ամրապնդելու ուղղությամբ, թեկուզ և որոշակիորեն օրինաչափ էին, սակայն ո՛չ օրգանական, և ո՛չ էլ ցանկալի հայ հասարակության համար։ Միաժամանակ ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունը խրախուսված էր արտաքին աշխարհից։
Արդյունքում մենք ունեցանք բնակչության վստահության կտրուկ անկում պետական և կուսակցական կառույցների նկատմամբ, երբ Հայաստանի քաղաքացիների լայն շերտերը կամ զանգվածներն ընդհանուր առմամբ պարզապես օտարացան իշխանությունից ու քաղաքական կազմակերպություններից։ Հայաստանի քաղաքական դաշտի տրանսֆորմացիայի, քայքայման ու փլուզման գործընթացն իրականացվեց ավելի քան արագացված տեմպերով։ Միաժամանակ, այսպես կոչված, «հետհոկտեմբերյան» փուլին բնորոշ են հասարակության և համապատասխանաբար պետական հաստատությունների բացարձակ կոռումպացվածության դրսևորումները։ Այդ շրջանում գործող նախագահի և նրա շրջապատի համար գլխավոր խնդիրը դարձավ ոչ միայն քաղաքական ու տնտեսական դաշտից դուրս մղելը նախկին մաֆիոզ կլաններին, այլև դրանց փոխարինումը սեփական կլաններով, ինչպես նաև քրեական տարրերի ներդրումը քաղաքական կազմակերպություններում։
Եթե անդրադառնալու լինենք այդ ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսական կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններին, ապա հարկ է ընդգծել մինչ այդ ակնհայտ դարձած մեկ իրողություն. այնպիսի անվերապահ հայրենասերը, ինչպիսին Վազգեն Սարգսյանն էր, իր քաղաքական ուղու ավարտին գիտակցել էր մի կարևոր հանգամանք` այսպես ապրել հնարավոր չէ։ Այդ իրողությունը հատկապես ընդգծվեց նրա վարչապետ դառնալուց հետո, երբ, ականատեսների վկայությամբ, տեղի ունեցավ բավականին հաջողված այց Միացյալ Նահանգներ։ Այդ այցից հետո ԶԼՄ-ներում հրապարակված «կոռուպցիոներների ցուցակները», Վազգեն Սարգսյանի պահանջները նույնիսկ իր մերձավոր շրջապատից, նրա մտադրությունները կոռուպցիայի և կրիմինալի դեմ պայքարում` «արտակարգ հանձնաժողովներ» ձևավորելու ուղղությամբ, մինչև այսօր ունենում են ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի հաստատումներ։ Բոլոր այդ ծրագրերը հոկտեմբերի 27-ից հետո անհետացան ասպարեզից, իսկ իշխանության հիմնական հենարան դարձան օլիգարխներն ու մաֆիոզ բնույթ ունեցող բիզնես-էլիտաները։ Ավելին, հենց հոկտեմբերի 27-ից հետո ձևավորվեց կառուցվածքային առումով կոշտ դասակարգված կառավարման քաղաքական-տնտեսական շահերի բուրգը, իսկ կոռուպցիան երկրի ներքին կյանքում դարձավ օրինաչափություն ու ստացավ համակարգային բնույթ։ ՈՒ ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք. իր վարչապետության առաջին իսկ օրերին Վազգեն Սարգսյանը նախանշեց երկրի տնտեսական խնդիրներն ու առաջնահերթությունները, և արդեն իսկ պլանավորված էր իրագործել տնտեսության ամբողջական «ռևիզիա», ընդլայնել համատեղ ձեռնարկությունների շրջանակը, իսկ սեփականաշնորհման ենթակա տնտեսական սուբյեկտները ոչ թե ուղղակի հանձնել պոտենցիալ սեփականատերերին, այլ ամրագրել հավատարմագրային կառավարման ինստիտուտը` ցանկացած առանձին ձեռնարկության դեպքում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կառավարության ձեռքում պահելու պայմանով։ Հետադարձ հայացք գցելով կարելի է համոզվել, որ այսօր Հայաստանի տնտեսության պատկերը մխիթարիչ չէ. բոլոր համապետական նշանակություն ունեցող ոլորտներն ուղղակիորեն արտերկրյա ընկերությունների, հիմնականում` ռուսական ծագում ունեցող ձեռնարկությունների սեփականությունն են։ Եվ քանի որ «տնտեսությունն է որոշում քաղաքականությունը», Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գործընկերային հարաբերությունները զարգացան հատկապես այդ ուղղությամբ ու աստիճանաբար վերածվեցին ուղղակի վասալական փոխհարաբերությունների։
Եթե անդրադառնալու լինենք արտաքին քաղաքականությանը, ապա Դեմիրճյան-Սարգսյան տանդեմը, ունենալով ընտրազանգվածի առավելագույն հատվածի աջակցությունը, նկատի ունենալով նաև այդ քաղաքական գործիչների փորձառությունը, կարող էր բավականին իրատեսական ու հաջողված, միաժամանակ ինքնուրույն ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել և պաշտպանել ազգային շահերը։ Հանուն արդարության պետք է նշենք, որ Քոչարյանին էլ հոկտեմբերի 27-ից հետո այլ բան չէր մնում, քան պետությունից հասարակության զանգվածային օտարվածության պայմաններում փորձել կայունացնել իրավիճակը` արտաքին աշխարհից աջակցություն ապահովելու միջոցով։ Բայց խնդիրն այն է, որ այդ քաղաքականության հետևանքով, արդեն հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանն աստիճանաբար, բայց անշեղ վերածվեց «ֆորպոստի»։ Այսօր այդ իրողությունը բավականին ցավագին արտահայտված է ինչպես նոր վարչակազմի քաղաքականության մեջ, այնպես էլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերաբաժանումների նոր սկսված գործընթացում։ Նախկին վիճակին վերադառնալն այլևս շատ բարդ է, երկրից և նրա իշխանություններից պահանջում է բավականին մեծ ռիսկ, ճկունություն ու ահռելի ջանքեր։
Վերադառնալով վերն ասվածին` կարող ենք միայն արձանագրել, որ չկա աշխարհում պետություն, որի պատմության մեջ տեղի ունեցած չլինի թեկուզ մեկ քաղաքական սպանություն։ Խնդիրն այն է, թե որքանով է այդ միջադեպը կամ ողբերգական փաստը վերափոխում և կանխորոշում երկրի հետագա ճակատագիրը, որքանով են այդ վերափոխումները դառնում ճակատագրական ու կանխորոշում երկրի ապագան։ Ամենայն հավանականությամբ, այս հանգամանքների ազդեցությունը պայմանավորված է ամբողջ հասարակության ձգտումներով ու ջանքերով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ